Մարդատար ավտոմեքենաների թափքերի տեսակները
Սեդան
Սեդանը մարդատար ավտոմեքենաների փակ թափք է , որում բեռնախցիկն առանձնանում է ուղևորային սրահից ։ Ունի 2 կամ 3 շարք նստատեղ , և 2 կամ 4 դուռ։ Երկդռնանի սեդանը կոչվում է թուդոր։ Սովորաբար սեդանը ունենում է 3 առանձին հատված ՝ շարժիչի հատվածը , սրահը և բեռնախցիկը։
Սեդան թափքերը ամենատարածվածն են մարդատար ավտոմեքենաների մեջ։ Թափքն այդպես էլ կոչվում է ֆրանսիական Սեդան քաղաքի անունով , որտեղ 19-րդ դարում արտադրվում էին կառքեր ։ Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում այս թափքը կոչվում է «սալուն» ։
Ունիվերսալ
Ունիվերսալ թափքն աչքի է ընկնում մեծացված բեռնախցիկով ։ Այս թափքը առաջացել է սեդանից , որից տարբերվում է նրանով , որ բեռնախցիկը առանձնացված չէ սրահից , բացի դրանից , բեռնախցիկի վրա կա դեպի վեր բացվող դուռ ։ Թափքի « ունիվերսալ » անվանումը տարածված է հետխորհրդային պետություններում ։ Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում այս թափքն անվանվում են « սթեյշն վեգոն » կամ « վեգոն » , Մեծ Բրիտանիայում ՝ « էստեյտ » , Ֆրանսիայում ՝ « բրիկ », Գերմանիայում ՝ « կոմբի » և այլն ։
Հեչբեկ
Հեչբեկ թափքը նման է ունիվերսալին , նույնպես սեդանի տարատեսակ է ։ Ի տարբերություն ունիվերսալի , հեչբեկի բեռնախցիկն ավելի փոքր է ։ Այս թափքով ավտոմեքենաները առավել շարժունակ են քաղաքային երթևեկության մեջ։ Հեչբեկ թափքը հեշտ է շփոթել ունիվերսալի հետ։
Ֆաստբեկ
Ֆաստբեկ թափքը առավել տարածված էր նախկինում , այժմ դիտում են սեդանի տարատեսակ ։ Այս թափքին բնորոշ է սրահի կորաձև միացումը բեռնախցիկին ։ Լինում է երկդռնանի և չորսդռնանի ։ Ֆաստբեկ թափքը հիմնականում յուրահատուկ է մարզական ավտոմեքենաներին ։
Լիմուզին
Լիմուզինը մարդատար մեքենայի տարատեսակ է , որի ներսում սովորաբար վարորդի նստատեղը միջնապատով առանձնացված է ուղևորների սրահից։
«Լիմուզին» բառն առաջացել է Ֆրանսիայի պատմական Լիմուզին (limousine) գավառի անվանումից։ Սկզբնական շրջանում լիմուզիններ կոչվել են հենց վարորդի և ուղևորի միջնապատով բաժանված սրահներ ունեցող ավտոմեքենաները, սակայն այժմ լիմուզին կարող են համարվել նույնիսկ այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Hummer-ը, Smart-ը, կամ Mini-ն։
Գերմանիայում «լիմուզին» անվանում են սովորական մարդատար սեդանները։
Պիկապ
Փիքափ կամ պիկապ ավտոմեքենայի թափքի տարատեսակ է , որն ենթադրում է փակ խցիկ վարորդի և ուղևորների համար և բաց պլատֆորմ՝ բեռների համար։ Այսպիսի թափքով մեքենաները լայն տարածում ունեն ԱՄՆ -ում և հատկապես նպատակահարմար են այն դեպքերում, երբ անհրաժեշտություն չի առաջանում օգտվելու բեռնատար մեքենաների ծառայություններից, իսկ ունիվերսալն էլ հարմար չէ տարողունակության տեսանկյունից։
Փիքափ օգտագործում են տղամարդիկ, ովքեր շատ ժամանակ են հատկացնում ուղևորություններին, հաճախ են երթևեկում, մեկնում քաղաքից դուրս։ Հիմնականում այն ֆերմերի ավտոմեքենա է, սակայն փիքափ կարող են նախընտրել նաև որսի ու վայրի հանգստի սիրահարները։
Մինիվեն
Մինիվենը մարդատար ավտոմեքենաների փակ թափք է , ավելի բարձր է սովորական մարդատարներից , սրահի ծավալը մեծ է , ունի 3 շարք նստատեղ ։ Թեպետ թափքի այս տեսակը ստեղծվել է շուրջ 100 տարի առաջ , սակայն երկար տարիներ կիրառելի չի եղել ։ Մինիվեն թափքը վերածնվել է 30 տարի առաջ Ֆրանսիայում , « Ռենո » ընկերության կողմից , և այսօր արդեն մեծ պահանջարկ էվայելում ։ Երեք տասնամյակի ընթացքում ստեղծվել են մինիվեն թափքով ավելի ավելի քանի 50-ից ավել մոդելներ ։ Մինիվեն թափքով մարդատար ավտոմեքենաների համար ուղևորությունը սահմանվել է վարորդի հետ միասին մինչև 9 ուղևոր ։ Դրանից ավելի մեծ ուղևորություն ունեցող ավտոմեքենաները դասվում են միկրոավտոբուսների շարքին ։
Կուպե
Կուպեն մարդատար ավտոմեքենաների փակ թափք է , ունի երկու դուռ , մեկ կամ երկու շարք նստատեղ , սրահն առանձնացված է բեռնախցիկից ։ Սկզբնապես կուպեն ունեցել է մեկ շարք նստատեղ ։ « Կուպե » է կոչվել երկտեղանի կառքը , որից էլ եկել է անվանումը ։
Բաց թափքեր
Մարդատար ավտոմեքենաների բաց թափքերն այդքան էլ շատ չեն։Դրանք չունեն նաև լայն տարածում ։ Բաց թափքերով ավտոմեքենաները արտադրվում են փակ թափքերի հիմքի վրա, քիչ քանակությամբ ։ Մեծ մասամբ դրանք թանկարժեք մոդելներ են ։
Բաց թափքի հիմնական տեսակը կաբրիոլետն է , որն ունի մի շարք տարատեսակներ ։ Դրանցից են ռոդստերը ,սպիդստերը, ֆաետոնը և այլն ։ Այս թափքերը շատ նման են , և հաճախ դժվար է միմյանցից տարբերելը ։ Զարգացող ավտոարդյունաբերությունն ավելի ու ավելի հաճախ է ջնջում թափքերի տեսակների միջև գոյություն ունեցող առանց այն էլ ոչ այնքան ստույգ սահմանները ՝ համակցում տարբեր ոճերի ու նախատեսվածության մոդելներ և սպառողին առաջարկում անսպասելի լուծումներով մեքենաներ: