«Տոյոտա» (Լրիվ անվանումը «Տոյոտա Մոտոր Քորպորեյշն») ճապոնական ամենամեծ ավտոմեքենաշինական կազմակերպությունն է։ Արտադրում է մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ։Հիմնադրվել է 1937 թվականին ճապոնացի գործարար Կիիտիրո Տոյոդայի կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպությունը ճապոնական բանակի համար արտադրել է բեռնատարներ, իսկ պատերազմից հետո անցել է մարդատար մեքենաների արտադրության։
1957 թվանակնին Տոյոտան սկսում է մեքենաների արտահանությունը դեպի ԱՄՆ և Բրազիլիա։
2007 թվականին Տոյոտային հաջողվում է տարեկան ավտոմեքենաների վաճառքի քանակով գերազանցել ամերիկյան «Ջեներալ Մոտորս» կազմակերպությանը։ Ներկայումս Տոյոտան աշխարհի խոշորագույն ավտոմեքենաշինական կազմակերպություններից է։
Տոյոտան իր գործունեությունը ծավալում է ճապոնական Հունսյու կղզու կենտրոնական շրջանում, Կորոմո գյուղում։ Շնորհիվ ավտոմեքենաշինության զարգացման, գյուղը 1951 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1959թվականին վերանվանվել Տոյոտա։
Ներկայումս Տոյոտան արտադրում է ավտոմեքենաներ Տոյոտա, Լեքսուս, Սայեն, Դայհաթսու և Հինո ապրանքանիշերով։ Ամեն տարի ամբողջ աշխարհում թողարկվում է 70 մոդելի ավտոմեքենա ։